Գերմանիան ուշադրությամբ հետևում է տարածաշրջանային հակամարտություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այդ մասին այսօր Բաքվում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ Շտայնմայերը նշել է, որ թեև ամիսներ շարունակ իրենց ուշադրությունը սևեռված է ՈՒկրաինայի վրա, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը հետևում են նույնպիսի անհանգստությամբ:
Նա հավելել է, որ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչը գերմանացի փորձառու դիվանագետ է, և իրենք «այս հարցում ցանկանում են տեսնել Գերմանիայի, Եվրամիության դերը»:
Հիշեցնենք՝ Գերմանիայի արտգործնախարարը այսօր պաշտոնական այցով ժամանելու է Հայաստան: